Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը պատմական կարևոր իրադարձություն է, և յուրաքանչյուր վրացի շնորհավորելու բան ունի, ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:
Ըստ երրորդ նախագահի՝ կարգավիճակն առաջին հերթին վրաց և ուկրաինացի ժողովուրդների մեծ վաստակն է։
«Մեր պատմական նկրտումները կառավարությանն ստիպեցին անցյալ տարի դիմել կարգավիճակի համար, և քանի որ մինչև 2013 թվականը Վրաստանը մեր մեծ տարածաշրջանում Եվրոպայի գաղափարի առաջամարտիկն ու առաջնորդն էր։
Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին էր 2011 թվականին Թբիլիսիում իր ելույթի ժամանակ ասել, որ Վրաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Իսկ ուկրաինացի ժողովուրդը, քանի որ նրա հերոսական դիմադրությունն ամբողջությամբ փոխեց աշխարհաքաղաքականությունը, արթնացրեց Եվրոպան, լայն բացեց նրա դուռը»,- գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքով, կարգավիճակի շնորհումը Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, ազգային խորհրդարանների և տարբեր կառավարությունների Վրաստանի բազմաթիվ ընկերների շնորհիվ է. «Վրաստանի կառավարության արժանիքն այն է, որ ժողովրդի ճնշման տակ հայտ է ներկայացրել, և լավ է, որ հետ չի կանչել: Մեր հիմնական պայքարն առջևում է՝ ազատվել օլիգարխի իշխանությունից, և դա է մեր գործը։ Հենց այս իշխանության հեռացումն է, որ ճանապարհ կհարթի ԵՄ-ին անդամակցելու համար»:
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց:
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին