«Ազատության համար» ուսանողական շարժման նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին Ռուսթավելիի պողոտայում ակցիա տեղի կունենա: Ակցիայի անվանումն է՝ «Վրաց ժողովուրդը ռուսական չարիքի դեմ»։
Ըստ կազմակերպիչների՝ հիմնական պահանջը լինելու է դադարեցնել թշնամու հետ համագործակցությունը:
«Կառավարության առաջարկած լռությունը լուծում չէ: Այսօր բոլոր վրացիները պետք է դուրս գան ռուսական չարիքի դեմ և երկրի գլխավոր պողոտայում ազգային միասնության ընդհանուր հրապարակային ակտ կատարեն։
Երկրի առանցքային ուսանողական շարժումը Ռուսթավելի պողոտայում ժամը 19-ին սպասում է բոլորին, ովքեր գնահատում են Վրաստանի խաղաղ, անվտանգ և ազատ ապագան։ Նրանք, ովքեր չեն կարողանում զսպել իրենց զգացմունքներն իրենց սրտերում և զգում են իրենց ձայնը ամբողջ աշխարհին լսելի դարձնելու անհրաժեշտությունը:
Ռուսական չարիքի դեմ միջազգային հանրության հստակ և անսասան աջակցությունն այսօր կենսական նշանակություն ունի»,- նշել են կազմակերպիչները:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում՝ փորձելով ապօրինի ձերբակալել տեղի բնակչին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել են Վրաստանի մեկ քաղաքացու։
Միջադեպից հետո Թբիլիսին խնդրել է անցկացնել տեխնիկական հանդիպում, որին կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալիի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։