Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսները կգործարկվեն հունվարից, հայտարարել է Գերմանիայի Մյունխեն քաղաք այցելած Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա՝ դեկտեմբերին Վրաստան կհասնի 50 հատ 18 մետրանոց ավտոբուս։
«Այսօր մենք ունենք որոշ մարտահրավերներ. տեսնում ենք գերբեռնված ավտոբուսներ, 18 մետրանոց ավտոբուսները մեզ հնարավորություն կտան սպասարկելու ավելի շատ ուղևորների… Այս ավտոբուսները վիզուալ առումով կհամապատասխանեն քաղաքին, դա կարևոր բաղադրիչ կլինի նաև ուղևորների տեղափոխման տեսանկյունից»,- ասել է Կալաձեն։
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսին 160 նոր 18 մետրանոց ավտոբուսների գնման պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվել է «Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի և «Թեգետա Մոթորսի» միջև։ Մեկ ավտոբուսն արժե 1 մլն 618 հազար 759 լարի, իսկ բոլորը միասին՝ 259 մլն լարի։
Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստում է տվել դեռ 5 տարի առաջ՝ քաղաքապետի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման 1-ամյակին: