Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը:
Ինչպես հայտնի է, «Հեռարձակման մասին» օրենքում կատարված փոփոխությունները խորհրդարանն ընդունել է հոկտեմբերին՝ 79 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Խորհրդարանի կողմից արագացված կարգով ընդունված փոփոխությունների հիման վրա ատելության խոսք և ահաբեկչության կոչեր պարունակող հաղորդումներն ու գովազդները մտնում են Կապի կարգավորման հանձնաժողովի ոլորտ։
Նշված խախտման վերաբերյալ հեռարձակողի ինքնակարգավորվող մարմնի որոշումը հնարավոր կլինի բողոքարկել Կապի կարգավորման հանձնաժողովում։
«Հեռարձակման մասին» օրենքի 55/2-րդ հոդվածն արգելում է ատելության խոսքի, ահաբեկչության կոչերի, մեդիածառայություններ մատուցողի ծրագրում կամ գովազդում անպարկեշտության տարածումը: Դեռևս գործող օրենքի համաձայն, նշված արգելքի խախտմանը հնարավոր է արձագանքել միայն լրատվական ծառայություն մատուցողի ինքնակարգավորման մեխանիզմի շրջանակներում։
Օրենքի նախագիծը հեղինակել և նախաձեռնել են «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորները: Մեծամասնության անդամների պարզաբանմամբ՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Եվրահանձնաժողովի սահմանած 12 առաջնահերթությունների իրականացմանը, որոնցից կախված է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։