Վրաստանի խորհրդարանի 50 ընդդիմադիր պատգամավորներ դիմում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրներին՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքի նավահանգստում ռուսական ռազմածովային նավատորմի մշտական բազա տեղակայելու որոշման հարցով, փոխանցում է RadioTavisupleb-ն:
Նրանք պահանջում են հաստատակամ և միասնական դիրքորոշում ընդունել Ռուսաստանի շարունակական օկուպացիայի դեմ։ Հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը հրաժարվել է ընդունել խորհրդարանի բանաձևը, կոչը ստորագրողները համատեղ հայտարարության տեսքով դիմում են արևմտյան գործընկերներին։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը, Վրաստանի դաշնակիցներին և ռազմավարական գործընկերներին հաստատակամ և միասնական դիրքորոշում հայտնել Ռուսաստանի կողմից իրականացվող շարունակական օկուպացիոն և անեքսիայի քաղաքականության դեմ, որը Վրաստանի ժողովրդավարության, անվտանգության, բարգավաճման և երկարաժամկետ խաղաղ զարգացման միակ ճանապարհն է»,- նշված է խորհրդարանական ընդդիմության համատեղ հայտարարության մեջ։
Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում մշտական ռուսական ռազմածովային բազա բացելու որոշումը «օկուպացիայի շարունակությունն է» և «էլ ավելի վատթարացնում է այն իրավիճակը, որն ուղեկցում է օկուպացիային»։