Վրաստանի դատախազության տվյալներով, սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի հարկադիր ամուսնության փաստով մեղադրանք է առաջադրվել աղջկա մորը։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) անցկացրած հետաքննության՝ դատախազությունը պնդում է, որ մայրն իր անչափահաս դստերը ստիպել է ամուսնանալ։
«Մառնեուլիի մունիցիպալիտետում մեղադրյալը, գենդերային խտրականության հիման վրա անհանդուրժողականության հիմքով, համարելով, որ անչափահասի կարծիքը նշանակություն չունի, իր 14-ամյա դստերը հետևողականորեն ստիպել է ամուսնանալ իր ընտանիքի կողմից ընտրված տղամարդու հետ՝ ընդդեմ աղջկա կամքի: Տուժողը, տնից հեռանալով, խուսափել է մեղադրյալի ճնշումից»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 31-ին մեղադրյալը ձերբակալվել է և մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ կետի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ անդամի` անչափահասի նկատմամբ հարկադիր ամուսնության պարտադրանք):
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին տեղեկություն տարածվեց Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում 14-ամյա Աիթաջ Շախմարովայի սպանության մասին։ Հետաքննության տվյալներով, 14-ամյա աղջկան ատրճանակով սպանել է 27-ամյա ամուսինը՝ Ասիմ Ասլանովը: Անչափահասը սպանվել է «հարսանիքից» փախուստի պահին: Գործով ձերբակալված են սպանության համար մեղադրվող Ասիմ Ասլանովը, Ասիմ Ասլանովի հորեղբայրն ու զարմիկը, սպանված Աիթաջ Շախմարովայի մայրն ու հորեղբայրը. վերջիններս մեղադրվում են հանցագործության մասին չհայտնելու համար։