Ամենաշատ նվիրատվությունն իշխող կուսակցությունն է ստացել

2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խորհրդարանական կուսակցություններից ոմանք ստացել են ընդհանուր առմամբ 3 մլն 795 հազար 850 լարի 42 թեթրի նվիրատվություն։

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, իշխող «Վրացական երազանքը» ստացել է ամենամեծ նվիրատվությունը՝ 2 մլն 575 հազար լարի։ Նվիրատուների թվում է Թամազ Թամազաշվիլին, որն այդ կուսակցությանը նվիրաբերել է 10 հազար լարի։

«Լելո» կուսակցությունը 2023 թվականի 10 ամսում ստացել է 691 հազար 275 լարի նվիրատվություն։ Նվիրատուների թվում են կուսակցության հիմնադիրներ Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խազարաձեն, որոնք կուսակցությանը նվիրաբերել են, համապատասխանաբար, 60-58 հազար լարի։

Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 504 հազար 115 լարի նվիրատվություն։ Դոնորների թվում են ՄԱՇ գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլին, որը կուսակցությանը փոխանցել է 56 հազար լարի, իսկ պատգամավոր Գիորգի Բոտկովելին 5 հազար լարի է նվիրաբերել ՄԱՇ-ին:

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունն ընթացիկ տարվա 10 ամսում ստացել է 13 հազար 455 լարի 42 թեթրի նվիրատվություն։ Նվիրատուների թվում են Բերդիա Սիճինավան և Անա Բուչուկուրին։

Խորհրդարանական ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցությունը 10 ամսում ստացել է 12 հազար 005 լարի նվիրատվություն։

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի առաջին 10 ամսվա ընթացքում երկու խորհրդարանական կուսակցություններ՝ «Քաղաքացիներ»-ը և «Ստրատեգիա Աղմաշենեբելի»-ն, նվիրատվություններ չեն ստացել։