Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրում է ներում շնորհել երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է netgazeti.ge-ն:
Գվարամիան ասել է, որ իր համար ներում չի խնդրել, սակայն, իրեն թույլ է տալիս ներում խնդրել Սաակաշվիլիի համար:
«Նա բանտարկյալ նախագահ է, և Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ակնարկներ է ստացել, որ ինքն էլ կարող է բանտարկյալ նախագահ դառնալ։ Նա պետք է ճեղքի այս շրջանակը, որում գտնվում է, ընդունի իր սխալը և անցնի այդ «ոչ և երբեք»-ի վրայով և ազատ արձակի Միխեիլ Սաակաշվիլիին։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է…»,- ասել է Գվարամիան։
2021 թվականին՝ Սաակաշվիլիին ձերբակալելուց հետո, Զուրաբիշվիլին հայտարարեց, որ Սաակաշվիլիին ներում չի շնորհի՝ հավելելով, որ այլևս չի անդրադառնա այդ հարցին։
Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ Սաակաշվիլիին պետք է հատուկ բանտարկյալ համարել, իսկ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրա առողջությունն ապահովելու համար. «Քանի դեռ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն և անփոփոխ է՝ ոչ և երբեք»: