Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը Վրաստանում կազմակերպել էր Թուրքիայի դեսպանությունը։
Վարչապետը նշել է, որ անկախության վերականգնման օրվանից ի վեր Վրաստանն ու Թուրքիան կապված են յուրահատուկ բարեկամությամբ ու եղբայրությամբ, և ներկայացրել է տնտեսական առաջընթացի հետ կապված տվյալներ․
«Վերջինս հատկապես ակնհայտ է մեր դինամիկ տնտեսական համագործակցության առումով։ Թուրքիան տարիներ շարունակ եղել է Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը։
Այս տարի հունվարից սեպտեմբեր 2 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող ապրանքաշրջանառությամբ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է։ Հուսով ենք, որ այս տարեվերջին այդ թիվը կհասնի 3 միլիարդ դոլարի, ինչը ևս մեկ շրջադարձային կետ կլինի մեր համագործակցության մեջ։ Մենք նաև ուրախ ենք, որ թուրքական ընկերությունները շարունակում են ներդրումներ կատարել Վրաստանի տնտեսության մեջ, և օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը վերջին երեք տարում արդեն հասել է գրեթե 370 միլիոն ԱՄՆ դոլարի. Իսկ Վրաստանում թուրքական ընկերությունների թիվը գերազանցում է 10 հազարը։ Մենք ակնկալում ենք, որ այդ թվերն էլ ավելի կաճեն նաև առաջիկա տարիներին»,- ասել է Ղարիբաշվիլին։