Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման 25 կմ երկարության ճանապարհի՝ Սադախլո-Աղքյորփի 9-18 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկոլոզ Չախվաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մինչև տարեվերջ իրենց վստահված ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի:
Հատկանշական է, որ ընկերությունն աշխատանքների ավարտը երկարաձգել է երեք անգամ․ պատվիրատուի և աշխատանքներն իրարանցող ընկերության միջև 2021 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում մինչ օրս կատարվել է 14 փոփոխություն:
«Չնայած ընկերությունը «տուգանված ռեժիմով» է աշխատում, բայց խոստանում եմ՝ մինչև դեկտեմբերի 15-20-ը ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի: Նախատեսվում է՝ մյուս շաբաթվանից աշխատանքներն ակտիվացնել, սկսել նաև ասֆալտապատման աշխատանքները», — ասաց Չախվաշվիլին:
Այս ճանապարհից օգտվող հայաբնակ Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է՝ տարիներ ձգվող շինարարական աշխատանքների ավարտը չի երևում. ճանապարհի անբարեկարգ վիճակը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել և շարունակում է ստեղծել: Խուդինյանի պնդմամբ՝ այս պահի դրությամբ շինտեխնիկան ճանապարհի տվյալ հատվածում չի աշխատում, ինչը մարում է հույսը, թե մինչև տարեվերջ կկարողանան բարեկարգ ճանապարհով երթևեկել:
«Սրա հետ մեկտեղ՝ անավարտ է նաև ճանապարհին առկա կամրջի շինարարությունը. ճիշտ է՝ կամուրջը շրջանցող ճանապարհ են հատկացրել, սակայն, այն բավականին թեք և անմխիթար է. ձմռանն այդ ճանապարհով երթևեկելն անհնար է դառնալու», — ասաց Խուդինյանը:
Ընդգծենք՝ նշված ճանապարհահատվածը վերոնշյալ գյուղերը շրջկենտրոն Մառնեուլիին կապող միակ ճանապարհն է:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2021-ի դեկտեմբերին, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեին 2023 թվականի մարտի 13-ին: Սակայն, «Իբերի» ընկերությունը պայմանագրի ավարտից 3 օր առաջ՝ մարտի 10-ին դիմել էր պատվիրատուին՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին, շինարարական աշխատանքների վերջնաժամկետի երկարաձգման խնդրով, որը բավարարվել էր՝ սահմանվելով հունիսի 10-ը: Աշխատանքները, սակայն, այս ժամկետում ևս չավարտվեցին:
Օգոստոսի 7-ին «Իբերի» ընկերությունը կրկին դիմել է պատվիրատուին աշխատանքների ավարտը երկարաձգելու խնդրով, որը ևս բավարարվել և սահմանվել է սեպտեմբերի 30-ը: Այս ժամկետում ևս չտեղավորվելու պատճառով ընկերությունն այժմ պարտավորված է աշխատանքները «տուգանված ռեժիմով» անցկացնել, և ավարտել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը:
Ի դեպ, Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման 25 կմ երկարության ճանապարհը տարիներ շարունակ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2019-ից. սկզբում վերանորոգվել է 5 կմ հատվածը, իսկ հիմա՝ երկու տարվա դադարից հետո, ընթանում են 9 կմ-ի շինաշխատանքները, որն սկսվել է 2021-ի դեկտեմբերին։ Ի դեպ, ընթացիկ վերանորոգումը մինչև Աղքյորփի գյուղ չի հասնում, թեև խոստանում են դա էլ կյանքի կոչել մինչև 2024 թվականի ավարտը: