Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի. Փաշինյան

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշված է ՀՀ կառավարության էջում:

Փաշինյանի խոսքով, առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն:

Խոսելով խաղաղության մասին` Փաշինյանն ասել է, որ դա այն վիճակն է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած:

«Սա է իրական խաղաղությունը, և ինչպես տեսնում եք` այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների:

Այս է պատճառը, որ մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար` թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը Թբիլիսիում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Վրաստանն Արևելք-Արևմուտք հարաբերությունների անբաժանելի մաս է դարձել. Ղարիբաշվիլի