Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Եվրամիության հետ մերձենալու շատ մեծ ցանկություն ունի, հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։
Հերչինսկիի խոսքով, ԵՄ-ին մերձեցմանը համաձայն են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Ըստ ԵՄ դեսպանի՝ առաջիկա շաբաթները Վրաստանի համար վճռորոշ են լինելու:
«Սրանք հստակ որոշիչ շաբաթներ են լինելու Վրաստանի համար, նոյեմբերի 8-ին կհրապարակվի ընդլայնման առաջին զեկույցը, իսկ այս տարվա վերջին՝ դեկտեմբերի կեսերին, Եվրամիության անդամ 27 երկրները քաղաքական ամենաբարձր մակարդակով որոշում կկայացնեն Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մասին»,- ասել է Հերչինսկին՝ հավելելով, որ զեկույցը ցույց կտա, թե Վրաստանն ինչ առաջընթաց է գրանցել, և որտեղ է անհրաժեշտ հետագա առաջընթացը:
Ի դեպ, նոյեմբերի 8-ին հայտնի կդառնա, թե արդյո՞ք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի ավարտը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։
Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին եվրոպական հեռանկար և 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։