Եվրահանձնաժողովի կազմակերպած «Գլոբալ դարպասների ֆորումին» մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Վրաստանին ԵՄ անդամակցության կարգավիճակ տրամադրելու մասին։
Վարչապետը լրատվամիջոցներին ասել է, որ լավատեսական տրամադրությամբ է սպասում Եվրահանձնաժողովի նոյեմբերի 8-ի որոշմանը:
«Վրաստանի դեպքում ես շատ լավատեսորեն սպասում եմ նոյեմբերի 8-ի որոշմանը, նաև` վերջնական որոշմանը, որ կկայացվի դեկտեմբերին»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը երախտագիտություն է հայտնել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին, որին հանդիպել է հոկտեմբերի 24-ին։ Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Վարհեյը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կողմնակից է։
Ի դեպ, նոյեմբերի 8-ին հայտնի կդառնա, թե արդյո՞ք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի ավարտը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։
Անցյալ տարի Եվրամիությունն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին եվրոպական հեռանկար և 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։