Վրաստանի ու Մոլդովայի քաղաքացիները չեն կարող ապաստան ստանալ Գերմանիայում, քանի որ այդ երկրները ճանաչված են որպես անվտանգ երկրներ, գերմանական Der Spiegel International ամսագրին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Գերմանական Der Spiegel International ամսագիրը Շոլցի հետ լայնածավալ հարցազրույցում քննարկել է Գերմանիայում անօրինական միգրացիայի և Մերձավոր Արևելքի պատերազմի խնդիրները։
Շոլցն ասել է, որ Գերմանիան պետք է խիստ քաղաքականություն վարի և ապաստանի իրավունք չունեցող մարդկանց լայնածավալ արտաքսումներ իրականացնի։
«Ըստ մեր դասակարգման՝ Վրաստանն ու Մոլդովան իրենց ծագմամբ անվտանգ երկրներ են։ Երկուսն էլ ցանկանում են դառնալ Եվրամիության անդամ, ուստի տեղին չէ ենթադրել, որ այդ երկրները ենթարկվում են համակարգային ոտնձգությունների»,- ասել է Շոլցը։
Ուշագրավ է, որ մինչ այդ գերմանական Deutsche Welle պարբերականը գրել էր, որ Գերմանիայի կառավարությունը բանակցություններ է վարում մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ, այսպես կոչված` «Միգրացիոն գործընկերության» մասին:
Ի դեպ, այս տարվա օգոստոսին Գերմանիան անվտանգ երկրների ցանկում ներառել էր Վրաստանն ու Մոլդովան: