Ձմռանը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում էլեկտրաէներգիայի թանկացում է սպասվում։ Չվճարելու դեպքում Ռուսաստանը էլեկտրամատակարարումը կսահմանափակի։ Այս թեման ակտիվորեն քննարկում են օկուպացված շրջանի բնակիչները սոցիալական ցանցերում։ Նրանց մտահոգությունն անհիմն չէ, քանի որ Ցխինվալին արդեն զգուշացում է ստացել այդ մասին։
Ռուսական «Ինտեր Ռաո» էներգետիկ ընկերությունը դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով 7 տոկոսով բարձրացրել է էլեկտրաէներգիայի վճարը այն երկրների և սպառողների համար, ովքեր ապրում են Եվրասիական միության գոտուց դուրս։ Ցուցակում ներառված են նաև Վրաստանի օկուպացված շրջանները։
«Ինտեր Ռաո»-ի ներկայացուցիչ Ալեքսանդրա Պանինան սեպտեմբերի վերջին հայտարարեց Եվրասիական միությունից դուրս էլեկտրամատակարարման հնարավոր սահմանափակման կամ ամբողջական դադարեցման մասին որոշման մասին։
Դե ֆակտո Հարավային Օսիայի էներգետիկ ընկերության՝ «Էներգոռեսուրս»-ի ղեկավար Ազամազ Կաբիսովն ասել է, այս փուլում ինքը չի ակնկալում Ռուսաստանի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակում։
«Հարավային Օսիայի տնտեսական զարգացման նախարարությունը նամակ է հղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսանդր Նովակին։ Պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել։ Բացի այդ, կարող եմ ասել, որ սակագները դեռ նույն մակարդակի վրա են»,- ասել է Կաբիսովը։
Նշենք, որ Ցխինվալիում 1 կիլովատ էլեկտրաէներգիան այժմ արժե 3,36 ռուբլի (9 թեթրիից մի փոքր ավելի): Ռուսաստանն այս տարի արդեն մեկ անգամ թանկացրել է էլեկտրաէներգիան, ամռանը քաղաքացիները վճարում էին 3 ռուբլի (8 թեթրի):
Ի տարբերություն Աբխազիայի, Ցխինվալի տարածաշրջանը լիովին կախված է Ռուսաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայից։