Սոցիալապես անապահով (նպաստառու) աշխատունակ տարիքի անձինք, որոնք կհրաժարվեն աշխատանքից, հնարավոր է զրկվեն սոցիալապես անապահովի կարգավիճակից, InterPressNews-ին ասել է ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն:
Ըստ նրա՝ պետությունն արդեն սկսել է աշխատել այդ խնդրի ուղղությամբ։ Նրա պարզաբանմամբ՝ սոցիալապես անապահովի կարգավիճակը չպետք է հանգեցնի բնակչության աշխատանքից խուսափելուն։
«Աշխատունակ բնակչությունը պետք է աշխատի: Այդ նպատակով առողջապահության նախարարությունում ունենք հանրային աշխատանքի զբաղվածության ծրագիր։ Սա այս ծրագրի առաջին փուլն է։ Այս ծրագիրը կգործի առնվազն 2-3 տարի»,- ասել է Կակաուրիձեն:
Նրա խոսքով, մասնավոր հատվածում կան հազարավոր թափուր աշխատատեղեր, որոնք, ցավոք, մինչ օրս չեն օգտվում սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող բնակչության կողմից։ Իրենց մոտեցումն այն է լինելու, որ շատ մարդկանց աստիճանաբար ներգրավեն աշխատանքային գործունեության մեջ, և սոցիալապես անապահով լինելու փոխարեն վերջիններս ապրեն իրենց վաստակած եկամուտներով։
Ի դեպ, Վրաստանում 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ նպաստ է ստանում 635 հազար 769 անձ։ Նրանցից 200 հազար 191 անձի 4 տարով տրամադրվում է սոցիալապես անապահովի փաթեթ՝ հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրի շրջանակներում։