Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում բնակելի տների մեծ մասը՝ 230 հազար 2 տուն, կառուցվել է 1961-1970 թվականներին, որոնց մեծ մասը՝ 59 հազար 518-ը՝ Թբիլիսիում է։
Երկրի ամենահին բնակելի շենքերը կառուցվել են մինչև 1919 թվականը։ Դրանց թիվը 31 հազար 790 է, որոնցից 19 հազար 018-ը կառուցվել են Թբիլիսիում։ Հնագույն տների քանակով երկրորդ տեղում Իմերեթին է, որտեղ մինչև 1919 թվականը կառուցվել է 3783 տուն, իսկ մինչև նշված ժամանակաշրջանը ամենաքիչ տները կառուցվել են Գուրիայում. դրանց թիվը 383 է։
Թբիլիսիում ամենամեծ թվով բնակելի տները՝ 72 հազար 473-ը, կառուցվել են 1971-1980 թվականներին, որոնցից 68 հազար 896-ը մեկուսացված (առանձին) տիպի բնակարաններ են, 3577-ը՝ անհատական տներ։
Սամցխե-Ջավախեթիում 1961-1970 թվականներին կառուցվել է ամենաշատ՝ 11 հազար 112 բնակելի տուն. 9797-ը՝ անհատական բնակելի, 1315-ը՝ մեկուսացված։
Քվեմո Քարթլիի բնակարանների մեծ մասը՝ 24 հազար 855-ը, կառուցվել է 1971-1980 թվականներին, որոնցից 13 հազար 138-ն անհատական տներ են, իսկ 11 հազար 717-ը՝ մեկուսացված:
Ի դեպ, նշված տվյալները հիմնված են բնակչության ընդհանուր մարդահամարի վրա, որը վերջին անգամ անցկացվել է 2014 թվականին, իսկ հաջորդ մարդահամարը կանցկացվի 2024 թվականին։