«Իմ լռության շրջանն ավարտվել է». նախագահը կոչ է անում

«Իմ լռության շրջանն ավարտվել է»,- այս խոսքով է սկսել իր ելույթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու փաստը։

Զուրաբիշվիլին նշել է՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ամաչեն իրենց որոշումների համար: Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Անկեղծ ասած, այսօր մի քիչ սրտնեղեցի, թեպետ ինձ այլևս ոչինչ չի զարմացնում այս երկրում, իսկ այսօրվա արդյունքը հաստատ չզարմացրեց…

Ուզում եմ քաջալերել, ասել ձեզ՝ հանրությանը, բոլորին, ովքեր կլսեն, որ ես ոչ մի տեղ չեմ գնալու, հրաժարական չեմ տալու, կլինեմ այնտեղ, որտեղ եղել եմ, ինչի համար եկել եմ, ամբողջ կյանքս եմ եղել և կմնամ. կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության երազանքների իրականացման ժամանակն անցել է։ Զուրաբիշվիլին կենտրոնացել է նաև ԵՄ թեկնածուի կարգավիճակի վրա. «Մեկ քարով սպանեցին կամ փորձեցին սպանել եվրոպական ապագան, ժողովրդավարությունը` նույնպես։ Այն երկիրը, որտեղ հավասարակշռություն չկա տարբեր ճյուղերի միջև, չի կարող համարվել ժողովրդավարական երկիր»:

Նախագահը դիմել է ընդդիմությանը՝ նշելով, որ խորհրդարանում իր պաշտոնանկության գործընթացի ընթացքում դրսում կանգնեն, և ինքը պատրաստ է միայնակ ներկայանալ խորհրդարանական մեծամասնության նիստին։

Ի դեպ, հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դեմ ներկայացված հայցադիմումի որոշումը։ Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։ Եզրակացությունը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման։

Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։

Խորհրդարանը նախագահի պաշտոնանկության հարցով կքվեարկի այս շաբաթ