Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին երեկ` հոկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ ծանոթ չէ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած օրինագծին, սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ ատելության խոսքի կիրառումը խնդիր է հարուցում։
Լևան Իոսելիանիի խոսքով, օմբուդսմենը նաև ատելության խոսքի վերաբերյալ նախաձեռնություններով հանդես կգա ընտրություններից առաջ։
Նշենք, որ հեռարձակման մասին օրենքում «Վրացական երազանք»-ը կրկին խորհրդարան է ներկայացրել ատելության խոսքի կարգավորման հետ կապված վիճահարույց փոփոխություններ։
Խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնք, չնայած քննադատություններին, 2022 թվականի դեկտեմբերին իշխող կուսակցության աջակցությամբ խորհրդարանն ընդունեց։
«Վրացական երազանք»-ի անդամների նախաձեռնած փոփոխությամբ հեռարձակողի կողմից ատելության խոսք և ահաբեկության կոչեր պարունակող հաղորդումների և գովազդի տարածման մասին որոշումը կբողոքարկվի հանձնաժողովում։
Արգելքը խախտելու դեպքում մեդիա ծառայությունները նախ նախազգուշացում կստանան, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք նախորդ տարվա եկամտի 0,5%-ի չափով՝ 2500 լարիից ոչ պակաս։ Հերթական նման խախտման դեպքում տուգանքի չափն ավելանում է։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր