Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա այս շաբաթ։ Կոբախիձեն ասել է՝ այսուհետ նա (նկատի ունի Զուրաբիշվիլիին-խմբ.) միայն ֆորմալ առումով է համարվում Վրաստանի նախագահ։
«Ընթացիկ շաբաթվա ընթացքում 2020 թվականին վրաց ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների մեծամասնությունը կհաստատի, որ նա այլևս արժանի չէ զբաղեցնելու Վրաստանի նախագահի բարձր կարգավիճակը»,- ասել է Կոբախիձեն:
Կոբախեձեի համոզմամբ՝ նախագահության վերջին՝ վեցերորդ տարում, Զուրաբիշվիլին «իսպառ զուրկ կլինի քաղաքական ու բարոյական լեգիտիմությունից և կմնա, ամերիկյան տերմինաբանությամբ ասած, այսպես կոչված կաղ բադ, որին հավաքական «Միացյալ ազգային շարժումը» տանում է դեպի անդունդ»:
Կոբախիձեն ևս մեկ անգամ կրկնել է, որ իշխող կուսակցությունը չունի նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ 100 ձայնը և խոսել է այս հարցում ընդդիմության աջակցելու կարևորության մասին:
Ի դեպ, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դեմ ներկայացված հայցադիմումի որոշումը։ Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։ Եզրակացությունը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման։
Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցությունը։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։