Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն անդրադառնում են «Ռուսթավի 2»-ի գործով գերագույն դատարանի որոշմանը։
Իշխող «Վրացական երազանքի»-ի անդամները վստահեցնում են, որ սա քաղաքական գործընթաց չէ․ «օրենսդիր իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի միջամտել այս հարցին»:
Բացի այդ, մեծամասնության պատգամավորները բացառում են հետագայում ևս հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության մեջ որևէ միջամտություն։
«Սա սկզբից մինչեւ վերջ իրավական ոլորտի հարց էր, որը, բնական է, «Միացյալ ազգային շարժումը» փորձել և փորձելու է քաղաքականացնել: Ցավալի է, սակայն, որ հեռուստաընկերության ղեկավարությունը գրեթե չի մտածում նույն հիմնարկում տարիներ շարունակ աշխատող իր լրագրողների մասին: Նրանք այս ամենում հաճախ լրագրողներին էլ են օգտագործում»,- հայտարարել է «Վրացական երազանքի»-ի անդամ Էկա Բեսելիան:
Խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն «Ռուսթավի 2»-ի լրագրողներին առավել շատ ազատություն է մաղթել՝ նշելով, որ մամուլի բազմակարծությունը Վրաստանում անհրաժեշտություն է:
«Գվարամիան համաձայն է դատարանի որոշման հետ, այլապես նոր սեփականատիրոջ հետ «Ռուսթավի 2»-ը ձեռք բերելու շուրջ բանակցություններ չէր սկսի »,- հայտարարել է Մդինարաձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի գերագույն դատարանի կայացրած վճռից հետո հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հրավիրած ասուլիսում նոր սեփականատիրոջը առաջարկել է իրենց վաճառել ընկերության բաժնետոմսերը, ինչը սակայն չի ընդունվել։