Վրաստանի դպրոցներում նախատեսվում է մասնագիտական կրթության հնարավորություն ստեղծել, հայտարարել է կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին՝ ներկայացնելով դպրոցներում մասնագիտական կրթության ներդրման վերաբերյալ նորույթը։
Կրթության գերատեսչության ղեկավարն ասել է, որ շուտով դպրոցներին կառաջարկվի բոլորովին նոր հայեցակարգ՝ որպես դպրոցների կամընտիր պարտադիր մաս։ Ըստ նրա՝ կլինեն միջնակարգ մակարդակում մասնագիտական կրթության մի քանի ուղղություններ՝ ընտրովի, բայց պարտադիր հանրակրթության համար:
Նախարարի պարզաբանմամբ՝ երեխաները հանրակրթական անհրաժեշտ առարկաներն անցնելուց հետո հնարավորություն կունենան մասնագիտական կրթություն ստանալու, որից հետո աշխատաշուկայում աշխատանք գտնելու։
«Հիմնական մակարդակում և հատկապես միջնակարգում՝ 10-12-րդ դասարաններում շուտով կներդնենք բոլորովին նոր հայեցակարգ՝ որպես դպրոցների կամընտիր պարտադիր մաս։ Միջնակարգ մակարդակում կլինի մի քանի դասընթաց: Դպրոցներում ներդնելու ենք, այսպես կոչված, ինտեգրված ծրագրեր, ինչը նշանակում է, որ երեխաները վաղ տարիքից՝ 10-րդ դասարանից հնարավորություն կունենան ընտրելու մասնագիտական ուղղությունը, բնականաբար` դպրոցական առարկաների հետ մեկտեղ»,- ասել է ԿԳ նախարարը:
Նախարարը հավելել է՝ ելնելով այն հանգամանքից, որ երկրում կա 2100 դպրոց, բնականաբար` որոշ ժամանակ կպահանջվի, բայց 2024 թվականից կընտրեն առաջին ամենամեծ, ամենաուժեղ պիլոտային դպրոցները, որտեղից կսկսվի նշված գործընթացը: