Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հոկտեմբերի 12-ին լրացուցիչ չվերթ է նախատեսել Իսրայելի Թել Ավիվ քաղաքից դեպի Թբիլիսի:
Ըստ տեղեկությունների՝ չվերթը կիրականացվի Իսրայելի ժամանակով 17:40-ին։
Ի դեպ, մինչ այդ ավիաընկերությանը քննադատության էին ենթարկել մի շարք քաղաքացիներ՝ Իսրայելի լարվածության ֆոնին առաջիկա օրերին ավիատոմսերի գնի բարձրացման պատճառով: Քաղաքացիները նշել էին, որ ավիաընկերությունը տոմսի արժեքը հասցրել է 3 հազար լարիի։ Georgian Airways-ը հերքել է քննադատությունը` ասելով, որ մեծ պահանջարկի պատճառով սպառվել են էկոնոմ դասի բոլոր տոմսերը, և համակարգում վաճառքի են մնացել միայն բիզնես դասի տոմսերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր: Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 2400 մարդ վիրավորվել է։
Ավելի քան 700 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական օդուժի պատասխան հարվածների հետևանքով, որոնց գումարվել է նաև Գազայի հատվածի լիակատար շրջափակումը: Իսրայելը նպատակադրել է գլխովին ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ին։