ՆԱՏՕ-ն դատապարտել է Օչամչիրեում ռուսական ռազմածովային բազայի ստեղծման մտադրությունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ խնդիրների, դատապարտել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալիի շրջանի օկուպացիան և օկուպացված Օչամչիրե քաղաքում ռազմածովային բազա կառուցելու Մոսկվայի ցանկությունը։ Բանաձևի անվանումն է՝ «Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդում՝ Ռուսաստանի` Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ռազմական ներխուժումից հետո»։

Փաստաթղթում նշված է՝ Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմը, ինչպես նաև «Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիան»։

Վեհաժողովի խոսքով, այդ ամենը ցույց է տալիս այն «էական և ուղղակի սպառնալիքը», որը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում է դաշնակիցների անվտանգությանը, ինչպես նաև Եվրատլանտյան տարածքում խաղաղությանն ու կայունությանը։

Բանաձևը նաև դատապարտում է «Ռուսաստանի մտադրությունը՝ ռազմածովային բազա կառուցել Օչամչիրեում, որը գտնվում է Ռուսաստանի կողմից անօրինական օկուպացված Վրաստանի տարածքում՝ Սևծովյան տարածաշրջանի հետագա ապակայունացման սպառնալիքով»։

Ասամբլեան նշել է, որ կողմ է աջակցության փաթեթներին Սև ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք առավել խոցելի են արտաքին միջամտության համար: Այս համատեքստում նշվել են Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանն ու Մոլդովան։

Բանաձևը նաև հաստատել է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի՝ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և անդամակցության գործողությունների ծրագիրն այդ գործընթացի անբաժանելի մասն է։

Եզրափակելով՝ Վեհաժողովը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին և խորհրդարաններին կոչ է արել արագորեն իրականացնել Վրաստանի և Մոլդովայի աջակցության փաթեթները, ինչպես նաև շարունակել ակտիվորեն աջակցել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը։

Նշված է  նաև Վրաստանին աջակցելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը ժողովրդավարական բարեփոխումների միջոցով քայլեր կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։

Աբխազիայում ռուսական նավատորմը անվտանգության երաշխիք են համարում