Վրաստանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով երկրների միջև համագործակցությունն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանում գտնվող Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչի հանդիպման հիմնական թեմաներից:
Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը զգալի ջանքեր է գործադրում երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։
Ասվել է, որ այս տարի մշակվել է 2022-2030 թվականների մարդու իրավունքների պաշտպանության երկրորդ ռազմավարությունը, որի նպատակն է էլ ավելի ամրապնդել Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգված երաշխիքները։
«Ընդգծվել է, որ ռազմավարության նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար աշխատանքներ են տարվում մարդու իրավունքների պաշտպանության 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի վրա, որում մանրամասն գրված կլինեն երեխաների իրավունքներին առնչվող տարբեր հարցեր։
Նշվել է, որ մարդու իրավունքների, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդումը կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և այս ոլորտում կառավարության բոլոր գործողությունները ծառայում են այդ գերակայությունը գործնականում իրականացնելուն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են, որ էլ ավելի ակտիվորեն կհամագործակցեն բոլոր իրավական հարցերի շուրջ, որոնք կարևոր են Վրաստանում և Թուրքիայում ապրող մարդկանց համար։