Վրաստանը պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ասել, որ Վրաստանը միշտ չեզոք է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։

Աշխատանքային այցով Վրաստան ժամանած Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել։

Իր խոսքում Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։

«Պարոն նախագահի [խմբ․ Ալիևի] հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատեցի մեր հարգանքն ու աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մենք երախտապարտ ենք, որ Ադրբեջանը մշտապես աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նաև ցանկանում եմ իմ մեծ հույսը հայտնել, որ շատ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Մենք լիովին համաձայն ենք այս հարցում, որ խաղաղության համաձայնագիրը ընդհանուր առմամբ կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և բարգավաճում կբերի մեր ժողովրդին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

«Վրաստանն այս գործընթացում միշտ չեզոք, անաչառ դիրքորոշում է որդեգրել։ Հիմա էլ մենք պատրաստ ենք մեր համեստ ներդրումն ունենալ այս միջնորդական, դյուրացնող կամ ընդհանրապես բարեկամական ձևաչափի ստեղծման գործընթացում։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները, պետք է կարողանանք ինքնուրույն որոշել տարածաշրջանի խնդիրները և մեր հետագա զարգացումը», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, նյութատեխնիկական ապահովման և անվտանգության հարցեր։