Վրաստանի փորձագիտական և ընդդիմադիր դաշտի, միջազգային գործընկերների և քաղհասարակության գնահատմամբ՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունները, որը նախաձեռնել և երրորդ ընթերցմամբ ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ուղղված է արտահայտվելու և հավաքների ազատությունը սահմանափակելուն:
Նրանց պնդմամբ՝ օրինագիծը որակազրկում է Վրաստանի ժողովրդավարությունը:
Վրաստանի «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով, Վրաստանը տարածաշրջանում պահպանում էր խոսքի ազատության արևմտյան չափանիշները, սակայն, այս օրինագծի ընդունմամբ բռնապետական ուղիով է ընթանում:
Ըստ նրա՝ այս քայլով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ իշխանությունը պահպանելու համար «Վրացական երազանքը» պատրաստ է ավելի նմանվել Բելառուսի և Ռուսաստանի չափանիշներին։
«Իրականում սա հակասահմանադրական և հակաեվրոպական որոշում է, որի համար համախոհները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Մերժում ռուսական օրենքին դրա՝ այլ ձևով շարունակությանը»:
Նրա խոսքով, այս օրինագծի ընդունումը ապացուցում է, որ իշխանությունը վախենում է. վախենում է ցանկացած տիպի բողոքի ակցիաներից, նամանավադ այն ակցիաներից, որոնք երկարաժամկետ և լավ համակարգված են: Ըստ հանրային նախկին պաշտպանի՝ այս օրինագծի ընդունումը վերադարձ է 1990-ական թվականներ, երբ սահմանափակված էր ազատ խոսքի և հավաքների իրավունքը:
«Այս օրինագծի ընդունումը դեմ է ցանկացած միջազգային կազմակերպության ստանդարտներին»:
Ի՞նչ է ենթադրում օրինագծի ընդունումը
Վրաստանի խորհրդարանը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը. առաջին ընթերցմամբ ընդունել է հոկտեմբերի 4-ին:
Օրենսդիր մարմինն օրենքում փոփոխությունները դիտարկել է արագացված կարգով՝ երեք օրում։ Երկրորդ ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 76, դեմ՝ 20 պատգամավոր։ Երրորդ ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 20 պատգամավոր։
Այժմ, օրինագծն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Վրաստանի նախագահի ստորագրությունը։
Օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ քաղաքացիները «Մերժում ռուսական օրենքին» խորագրով բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի հետնամասում: Քաղաքացիները խորհրդանշական կերպով վրաններ էին տեղադրել: Ըստ նրանց՝ օրինագիծը, ինչպես «գործակալների մասին» օրենքը, ռուսական օրենք է:
Ցուցարարները պնդել են՝ օրենքում փոփոխությունները, որոնք խորհրդարանն ընդունեց արագացված կարգով, սահմանափակում են քաղաքացու խոսքի ազատությունը և սահմանադրական իրավունքները։
Փոփոխությունների համաձայն՝
- բողոքի ակցիաների ժամանակ վրանների և ժամանակավոր կառույցների ստեղծումը կարգելվի, եթե դրանց կազմակերպումը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ցույցի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության՝ հասարակական կարգի և անվտանգության պաշտպանությանը, կխաթարի ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը:
Անհնազանդության դեպքում՝
- տուգանքը կկազմի 500 լարի կամ՝ մինչև 15 օր ազատազրկում։
- օրենքի նախագծում հեղինակները նշել են, որ, եթե պարզվի, որ կազմակերպիչն է խախտում օրենքը, ապա կպատժվի 5 000 լարիով կամ՝ 15-օրյա ազատազրկմամբ:
Իշխող թիմը և օրինագծի հեղինակները պնդում են՝ օրինագիծը չի սահմանափակում հավաքների և ցույցերի իրավունքը։
Ըստ օրինագծի պարզաբանման՝ կանոնակարգերի խստացման պատճառը պետական անվտանգության ծառայության սեպտեմբերի 18-ին արված հայտարարությունն է, ըստ որի՝ որոշակի խմբեր «հոկտեմբեր-դեկտեմբերին ծրագրում են ապակայունացնել Վրաստանը և կառուցել այսպես կոչված վրանային քաղաք»: