Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից է, տուրերը սպառված են գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, ներառյալ ամանորյա տոները, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով՝ FUN&SUN-ի տուրօպերատորի մամուլի ծառայությանը:
Ըստ տեղեկության՝ ՌԴ-ից Վրաստան փաթեթային տուրերի նկատելի աճ է նկատվում:
«Ավելին՝ ամռանը պահանջված էր թե՛ Բաթումիի ուղղությունը, թե՛ էքսկուրսիոն տուրերը Թբիլիսիում։ Այժմ պահանջարկն անցել է էքսկուրսիոն ծրագրերին։ Վաճառքը հասնում է դեկտեմբերի վերջ, արդեն ակտիվորեն ամրագրվում են ամանորյա տուրերը»,- ասել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Օլգա Իվանովան։
Նրա խոսքով, ամրագրված տուրերի միջին տևողությունը 4-6 օր է, իսկ առավելագույնը՝ երկու շաբաթ. «Մոսկվայից կանոնավոր չվերթներում ավիատոմսերի պակաս դեռ չկա, բայց դա կարող է առաջանալ Ամանորին մոտ»:
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։