Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան Աբխազիայի Апсны.Иахьа պարբերականին տված հարցազրույցում խոսել է Աբխազիայում ռուսական նավատորմի մշտական բազա բացելու մասին։
Ըստ Շամբայի՝ սա նոր որոշում չէ. «Այս որոշումը կայացվել է նախորդ համատեղ հանդիպումների ժամանակ, սակայն նախագահը հիմա հաստատել է, որ մենք սատարում ենք այդ որոշմանը»։
Շամբան նշել է՝ ռուսական ցամաքային, ծովային կամ այլ ստորաբաժանումների մուտքն Աբխազիա, «Աբխազիայի անվտանգության երաշխիքն է»։
Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշում է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և նրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով լքում են Ղրիմը և տեղափոխվում Վրաստան, և նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: