Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովին խոսել է Վրաստանին Եվրամիության թեկնածություն տալու, ԵՄ թեկնածության արժանի լինելու, Վրաստանի «արտաքին և ներքին թշնամիների», «առանձնահատուկ իրավիճակում» լինելու, խաղաղ դեօկուպացիայի մասին:
Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին
Վարչապետը նաև հայտարարել է, որ եվրոպացի գործընկերները պետք է առաջիկայում քայլ կատարեն, և երկիրն ըստ արժանվույն ստանա թեկնածուի կարգավիճակ: Կառավարության ղեկավարը նշել է՝ գագաթնաժողովում քննարկվելիք հիմնական հարցերից են լինելու աշխարհաքաղաքական միջավայրը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը։
«Մեր հիմնական ուղերձը, իհարկե, Գրանադայում կլինի այն, որ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին։ Իհարկե, մեզ համար գլխավորն այն է, որ մեր երկիրը ճանաչվի որպես եվրոպական հեռանկար ունեցող երկիր, և այժմ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերներն առաջիկայում քայլ կատարեն, և երկիրն ըստ արժանվույն ստանա թեկնածուի կարգավիճակը»:
Եվրոպայի «անարդար» քայլերը
Ղարիբաշվիլին ասել է. «Կարծում եմ, որ ողջախոհությունը, ռացիոնալությունը, հեռատեսությունը և ռազմավարական մտածողությունը կգերակայեն Եվրամիությունում, և Եվրոպան չի անի այն նույն սխալը, ինչ արեց անցյալ տարի, երբ անարդարացիորեն վերաբերվեց Վրաստանին»:
Կառավարության ղեկավարի խոսքով, ինքն ունի հիմնավոր փաստարկներ, որոնք ստիպված կլինի հայտնել եվրոպացի գործընկերներին։
Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է
Վարչապետը պնդել է՝ Թբիլիսին իսկապես առանձնահատուկ իրավիճակում է: Նա հիշեցրել է՝ Վրաստանի գործընկերները շատ լավ գիտեն, որ մեր երկրի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, և դա է պատճառը, որ Վրաստանը տարբերվում է այլ երկրների վիճակից:
Կառավարության ղեկավարի պնդմամբ, այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի հաջորդ քայլը, այն է՝ թեկնածուի կարգավիճակ ստանալը։
«Այսպես ասած՝ երկիրը չունի անվտանգության երաշխիքներ։ Մենք նույնիսկ Եվրամիության անդամ չենք, ՆԱՏՕ-ի անդամ չենք, ուստի մեր երկիրը պետք է խելամտորեն մանևրվի այս ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որը լի է փոթորիկներով, և կարծում եմ, որ մեզ հաջողվել է»,- ասել է Ղարիբաշվիլին:
«Ներքին և արտաքին թշնամիներ»
«Կհաղթենք ներքին և արտաքին թշնամիներին, ժողովուրդը կհաղթի, Վրաստանը կհաղթի: Ներքին և արտաքին թշնամիները գտնվում են դիվերսիոն ռեժիմի մեջ, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին
Խաղաղ դեօկուպացիա
Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է՝ Վրաստանը պետք է խաղաղ ապաօկուպացիայի ենթարկվի. սա է Վրաստանի գլխավոր նպատակը:
«Մենք չպետք է կենտրոնանանք ամսաթվերի վրա, պետք է անենք այն ամենը, ինչը պետք է մեր ժողովրդին ու երկրին։ Մենք պետք է շարունակենք բարեփոխումները, մեր երկրի զարգացումը, հզորացումը, տնտեսության զարգացումը, սրանք են կարևորը։ Ամենակարևորը՝ անվտանգության հարցերն են. երկիրը պետք է խաղաղ ճանապարհով ապաօկուպացվի»,- ասել է վարչապետը:
2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է մինչ օրս, Վրաստանում իշխանության ներկացուցիչները և նրանց պրոպագանդիստական ալիքները հակաարևմտյան հռետորաբանություն են գործածում:
Այն բանից հետո, երբ բազմաթիվ երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, միաժամանակ Վրաստանում ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում, թե Վրաստանի ռազմավարական գործընկերները՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, վրաստանյան ընդդիմության հետ փորձում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում։
Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջնորդները բազմիցս հայտարարել են «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի, իբր, ծրագրի մասին։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունը դրանով արդարացնում է ՌԴ-ի նկատմամբ Վրաստանի մասշտաբային պատժամիջոցների չկիրառումը։