Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով, Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Ըստ դե ֆակտո նախագահի՝ համապատասխան «համաձայնագիրն» արդեն «կողմերը» ստորագրել են։
«Մեր տոնի օրը փոքր հրթիռային նավ մտավ մեր նավահանգիստ, շատ ժամանակակից նավ՝ լուրջ մարտական հնարավորություններով, մենք պայմանագիր ենք կնքել, և մոտ ապագայում Օչամչիրեում կլինի Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական բազա»,- ասել է Բժանիան՝ հավելելով, որ «այլ բաներ էլ կան, որոնց մասին չի կարող խոսել»։
Նրա խոսքով, այս ամենն արվում է «Աբխազիայի և Ռուսաստանի անվտանգությունն ամրապնդելու համար»։
Բժանիան հերթական անգամ գովաբանել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը և ընդգծել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նրա թիմը «պրագմատիկ» առաջնորդներ են։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Բժանիան հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։