ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի վրաստանյան գրասենյակի, լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչներ և Քվեմո Քարթլիից քաղաքացիական ակտիվիստներ երեք օր շարունակ հանդիպումներ են ունեցել Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիապալիտետների հինգ գյուղերում և երկու երիտասարդական կենտրոնում: Հանդիպումներ են կայացել Ախալքալաքի Կարտիկամ, Խուլգումո, Վաչիան, և Նինոծմինդայի՝ Սպասովկա և Փարվանի գյուղերում։
«Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի» շրջանակներում անցկացված հանդիպումների նպատակն էր բնակչության հետ համատեղ քննարկել տեղական խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Հանդիպումներին մասնակցած Քվեմո Քարթլիից քաղաքացիական ակտիվիստներ տեղացիների հետ կիսվել են իրենց փորձով։ Հանդիպումներին մասնակցել է նաև «Ալիք Մեդիայի» տնօրեն Լիզա Թորոսյանը։
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանի գյուղում դպրոցի վթարային լինելու պատճառով այլընտրանքային տարածք տեղափոխված ուսումնական գործընթացն ընթանում է երեք հերթափոխով։ Դպրոցում դասերը սկսվում են 08:30-ին և ավարտվում 20:00-ին: Գյուղի դաժան կլիման, պետական լեզվի չիմացության հետևանքով առաջացած վարչական խոչընդոտները, բնակչության ծանր տնտեսական վիճակը և այս ամենի հետևանքով աճող արտագաղթը գյուղի հիմնական խնդիրներն են, — նշված է USAID-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նույն մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում բնակչությունը որպես հիմնական խնդիր հանդիպման ժամանակ նշել է հողերի գրանցման հարցը։ Հաղորդագրության համաձայն՝ Աջարիայից հաստատված էկոմիգրանտները համայնքային գերեզմանատուն չունեն և ստիպված են իրենց հանգուցյալներին տեղափոխել Աջարիա։
«Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ և Վաչիան գյուղերի բնակիչները դժգոհում են կարտոֆիլի շուկայական ցածր գնից և այս խնդրի նկատմամբ պետության ոչ համարժեք ուշադրությունից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի անսարքությունից։ Գյուղերից ոչ մեկում՝ ո՛չ Նինոծմինդայում, ո՛չ Ախալքալաքում, չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն, երեխայի զարգացման համար անհրաժեշտ տարրական պայմաններ։
Բոլոր գյուղերում կա գյուղատնտեսական նշանակության հողերի և արոտավայրերի անհավասար հասանելիության խնդիր, երբ մի քանի հոգի են տիրապետում հողերի մեծ մասի, իսկ բնակչության մեծամասնությանը հասանելիություն չունի», — ասվում է հայտարարության մեջ։
Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոններում կայացած հանդիպումներում քննարկել են դպրոցական մարտահրավերները, ծնողների ներգրավվածությունը դպրոցական կյանքում և վրացերենի ուսուցման հետ կապված դժվարությունները: Կենտրոններում հանդիպումները վարում էին Ուսուցչի ազգային մրցանակի լավագույն տասնյակում ընդգրկված ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը, «Ծնողներ հանուն կրթության» կազմակերպության ղեկավար Մեգի Կավթուաշվիլին և քաղաքացիական ակտիվիստներ Հարութ Մալխասյանը և Այթաջ Խալիլլին։