Օրենքում փոփոխությունը մարդու իրավունքների տեսանկյունից հետընթաց է. ՀԿ-ներ

Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունները (ՀԿ) հայտարարություն են տարածել, ըստ որի՝ խորհրդարանին հորդորում են չընդունել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀԿ-ները կարծում են, որ նման օրենսդրական փոփոխությունները հետընթաց են մարդու իրավունքների տեսանկյունից: Ըստ նրանց՝ հավաքների և արտահայտվելու ազատությունը կարևորագույն սահմանադրական և պայմանական իրավունքն է, որը լայնորեն պաշտպանված է Վրաստանի օրենսդրությամբ։

«Այս իրավունքի սահմանափակումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության համար։ Ներկայացված նախագծով նախատեսված անորոշ նշումներն իրականում այնպիսի սահմանափակումներ ու արգելքներ են դնում, որոնք խոչընդոտում են հավաքների և ցույցերի իրավունքի իրացումը և կտրուկ վատթարացնում երկրում հավաքների և արտահայտվելու ազատության պաշտպանության չափանիշը։

Նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները վարչական կալանքների արատավոր պրակտիկայի շարունակությունն են, որի մասին քաղաքացիական հատվածը խոսում է տարիներ շարունակ։ Սա վկայում է իշխանությունների՝ խոսքի ազատությունը սահմանափակելու և իր կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ հանրային բողոքներից խուսափելու ցանկության մասին»,- նշել են ՀԿ-ները:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կներկայացվի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծի նախաձռնումն ու ընդունում Վրաստանի ընդդիմադիր գործիչներն ու քաղհասարակությունը համարում են վնաս Վրաստանում ժողովրդավարության որակին: 

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) օրինագծի նախաձեռնումը գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ:

Վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի ետնամասում «Մերժում ռուսական օրենքին» խորագրով ակցիա կանցկացվի: