2023 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանի պետական սահմանը հատելիս սահմանային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է դեմքի ճանաչման էլեկտրոնային հատուկ ծրագիր, տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Ըստ ՆԳՆ-ի՝ նշված համակարգը թույլ կտա սահմանապահ-հսկիչներին տվյալների ավտոմատացված մշակման միջոցով ակնթարթորեն և հուսալիորեն Վրաստանի սահմանը հատելիս բացահայտել հետախուզվող, արտաքսված, արգելված կամ այլ օրինախախտ անձանց:
«Նշված համակարգի արդյունավետ գործունեությունը էապես կնպաստի պետական և հասարակական անվտանգության պաշտպանությանը։
Բացի այդ, դեմքի ճանաչման հատուկ էլեկտրոնային ծրագրի գործարկումը երաշխավորում է, որ Վրաստանը կատարում է տարբեր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ԵՄ/Շենգեն գոտու երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության գործընթացի ավելի լավ կառավարում»,- նշել են ՆԳՆ-ից:
Հաղորդագրության համաձայն՝ դեմքի ճանաչման հատուկ ծրագրերը հաջողությամբ կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում և հանդիսանում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: