ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ծրագրի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների կողմից ներկայացված պնդումները կեղծ են, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը նշել է՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը շատ հստակ հայտարարություն է արել թեմայի շուրջ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի օգնության ծրագրերից մեկի վերաբերյալ մեղադրանքները կեղծ են և ըստ էության՝ սխալ են բնութագրում Վրաստանին ԱՄՆ-ի օգնության նպատակները:
«Ինչպես միշտ, մեր օգնությունը թափանցիկ է: Մենք կշարունակենք աջակցել վրացական կազմակերպություններին, որոնք աշխատում են պաշտպանելու Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքները և Վրաստանի միջազգային պարտավորությունները»,- ասել է Պատելը։
Պատելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել բարեփոխումներ իրականացնել՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը:
«Մենք շարունակում ենք համագործակցել վրաց ժողովրդի հետ, քանի որ նա ձգտում է դեպի ժողովրդավարական, բարգավաճ, խաղաղ և եվրատլանտյան ապագա»,- հավելել է Պատելը։
Նա նաև իր աջակցությունն է հայտնել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. «Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են»:
Ի դեպ, Վրաստանի իշխանությունը, ինչպես նաև ՊԱԾ-ը, USAID-ին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: Ընդդիմությունն ու քաղհասարակությունը համարում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով: