Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության գործընթացը գնահատում է որպես նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կողմից խաղ և ուշադրություն շեղելու փորձ։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ Սաակաշվիլին նշել է, որ ընդհանրապես չի աջակցում պաշտոնանկության գործընթացին, որովհետև այն վարկաբեկում է նախագահի ինստիտուտը։
Ըստ երրորդ նախագահի՝ պաշտոնանկությունը «Իվանիշվիլիի խաղն է»՝ «օլիգարխի բռնապետությունից ուշադրությունը շեղելու փորձ է, քանի որ խոսքն այլևս Փարցխալաձեի (նկատի ունի՝ նախկին դատախազ Օթար Փարցախալաձեին, խմբ․), կոռուպցիայի, ենթակառուցվածքային ու տնտեսական խնդիրների մասին չէ»։
Սաակաշվիլիի կարծիքով, նախագահ Զուրաբիշվիլին ոչինչ չի արել, որը հակասում է Իվանիշվիլիի ծրագրերին։
Ի դեպ, նախագահի պաշտոնանկության առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։
Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։