Վրաստանում 12 հազար 555 անձ 100 լարիից ցածր աշխատավարձ է ստանում. սա նշանակում է, որ նրանք ամսական միջինը 55 լարի են ստանում, վկայակոչելով Վրաստանի եկամուտների ծառայության տվյալները՝ հայտնում է Վրաստանի արհմիությունը:
Նույն տվյալներով, ամսական 100 հազար լարիից բարձր աշխատավարձ է ստանում 277 անձ, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է 530 հազար 940 լարի։ Մինչև 500 լարի աշխատավարձ է ստանում 131 հազար 841 անձ, իսկ ավելի քան 190 հազարը՝ ամսական 636 լարիից ցածր աշխատավարձ է ստանում։
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Վրաստանի արհմիությունը արժանապատիվ նվազագույն աշխատավարձի սահմանման վերաբերյալ նախաձեռնություն կներկայացնի խորհրդարանին։ Ըստ արհմիության, եթե նախաձեռնությունը հաստատվի, ապա Վրաստանի գրեթե 190 հազար քաղաքացու նյութական վիճակը կբարելավվի։
Մասնավորապես, արհմիությունների օրենսդրական առաջարկի համաձայն, Վրաստանում նվազագույն աշխատավարձը որոշվել է 1999 թվականին և կազմում է ամսական ընդամենը 20 լարի։ Այս գումարը 12,5 անգամ պակաս է երկրի կենսապահովման նվազագույնից, իսկ միջին աշխատավարձից՝ 80 անգամ։
Ըստ այդմ, Վրաստանի արհմիությունը կարծում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հաշվարկած միջին աշխատավարձի 40 տոկոսին։
Ուշագրավ է նաև, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով, Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 1804,5 լարի։ Ըստ այդմ, եթե արհմիության նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա, այս տվյալների համաձայն, երկրում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 721,8 լարի։