Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ծրագրի վերաբերյալ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության (ՊԱԾ) և իշխող թիմի հայտարարություններին:
«Հանրային պաշտպանի գրասենյակին օգնում է բազմաթիվ առումներով, և ես, շնորհակալությունից զատ, ոչինչ չեմ կարող ասել USAID-ին»,- ասել է օմբուդսմենը:
Խորհրդարանի պատգամավոր Անի Ծիթլիձեն ՊԱԾ-ի տարածած տեղեկատվության վերաբերյալ հոկտեմբերի 2-ին հարց է ուղղել օմբուդսմենին: Մասնավորապես, Ծիթլիձեն Իոսելիանիին հարցրել է, թե՝ արդյո՞ք նա կարծում է, որ USAID-ն ու ԱՄՆ-ը Վրաստանում հեղաշրջում են ծրագրում։
«USAID-ի մասով կարող եմ միայն ասել, որ նա մեր հիմնական գործընկերներից է, որի հետ մենք ունենք ամենակարևոր պայմանագրերից մեկը։ Մենք շատ լավ ինտենսիվ համագործակցում ենք այս կազմակերպության հետ»,- եզրափակել է հանրային պաշտպանը:
Ի դեպ, երեկ Վրաստանի իշխանությունը, ինչպես նաև ՊԱԾ-ը, USAID-ին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: Ընդդիմությունն ու քաղհասարակությունը համարում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով: