Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում (ՊԱԾ) ընթացող հետաքննության շրջանակներում հարցաքննության են հրավիրվել Սերբիայի երեք քաղաքացիներ, որոնք, ըստ ՊԱԾ-ի՝ CANVAS խմբի անդամներ են։
Ըստ առկա տեղեկությունների՝ խմբի անդամները ժամանակավոր են գտնվում Վրաստանում։ Հայտնի չէ, սակայն, նրանք Վրաստանում են նախաքննության շրջանակում կանչի, թե այլ պատճառով։
CANVAS-Georgia-ի (ըստ պարզաբանման՝ իրենց նպատակն է օգնել տեղական համայնքներին, շահագրգիռ խմբերին, քաղաքացիական արշավներին ինքնակազմակերպման գործում) տնօրեն Գիորգի Մելաձեն RadioTavisupleba-ին ասել է, որ ինքը հարցմանը հրավիրված չէ, իսկ Սերբիայի քաղաքացիների հարցման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։
Ի դեպ, ՊԱԾ-ը սեպտեմբերի 18-ին տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում են քաղաքացիական անկարգություններ և ապակայունացում, որի նպատակը բռնության միջոցով իշխանություն փոխելն է: Ըստ ՊԱԾ-ի՝ երիտասարդական խմբերը հեղափոխական սցենարի համար նախապատրաստելու համար օգտագործվում է CANVAS կազմակերպությունը, որի կորիզը «Օտպոր» կազմակերպությունն է։
Սերբական երիտասարդական «Օտպոր» (Отпор!) շարժումը գործել է 1998-2004 թվականներին։ Այս կազմակերպության փորձն ու սիմվոլիկան օգտագործում է Վրաստանում գործող «Կմարա» երիտասարդական շարժումը, որն իր դերն է ունեցել 2003 թվականի նոյեմբերի «Վարդերի հեղափոխության» ժամանակ։
Ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը «հակամայդան» է հայտարարել այն բանից հետո, երբ ՊԱԾ-ը «Մայդանի սցենարի» մասին տեղեկությունը տարածեց. նրանք մարզերում հանդիպումներ են ծրագրել՝ մարդկանց իրազեկելու համար և սկսել են միջոցներ հավաքել։
Ուշագրավ է, որ 2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյո՞ք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի վերջը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։
Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։