Երբ տեսանք, որ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, մենք պարոն Ղարիբաշվիլիի կառավարության հետ պայմանավորվեցինք վերսկսել թռիչքները, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և վերականգնել ուղիղ չվերթերը Վրաստանի հետ, ինչը շատ ավելի հարմարավետ է դարձնում Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները։
«Աճում է թռիչքների թիվը, ընդլայնվում է նաև ուղիղ չվերթերի աշխարհագրությունը, ավելանում է ապրանքաշրջանառությունը։ Ավանդական վրացական արտահանվող բազմաթիվ ապրանքներ մեզ մոտ շատ տարածված են՝ գինին, Բորջոմին և շատ այլ ապրանքներ»,- ասել է Լավրովը։
Ըստ ՌԴ արգործնախարարի՝ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները Մոսկվան չի խզել. դա երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգի նախաձեռնությունն է եղել:
«Մենք չենք խզել դիվանագիտական հարաբերությունները, դա Սաակաշվիլիի ռեժիմի նախաձեռնությունն էր, որը ԱՄՆ-ի խրախուսմամբ ձեռք բարձրացրեց սեփական քաղաքացիների՝ օսերի վրա, ձեռք բարձրացրեց խաղաղապահների վրա, և երբ ստացավ արժանի պատասխանը, սկսեց իր լիակատար քաղաքական և ռազմական ձախողումը փոխհատուցել հակառուսական գործողություններով»,- ասել է Լավրովն ու հավելել՝ Մոսկվան երբեք «բացասական վերաբերմունք չի ունեցել վրաց ժողովրդի նկատմամբ»: