Ռուսական ավիահոլդինգները չեն ցանկանում վերականգնել Սոխումիի օդանավակայանը

Ռուսական օդանավակայանների խոշոր հոլդինգային ընկերությունները հրաժարվել են մասնակցել Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանի վերակառուցմանը։

Ըստ տեղեկության՝ հոլդինգները հրաժարվում են վերականգնել Սոխումիի օդանավակայանը՝ պատճառաբանելով, որ բավականաչափ ուղևորահոսք չի ապահովվի։

Հոլդինգների համար պարզ չէ նաև, թե որ ավիաընկերությունը կհամաձայնի թռչել չճանաչված հանրապետություն, քանի որ, Ռուսաստանից բացի, Աբխազիայի «անկախությունը» ճանաչել է միայն չորս պետություն՝ Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։

Ի դեպ, Սոխումիի օդանավակայանը հանձնվել է ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանել է «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:

Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։