Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ-ից:
Վրաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, գլխավոր տնօրենը դրական է գնահատել վրացական կողմի ջանքերը ԵՄ առաջնահերթությունների իրականացման գործընթացում: Կողմերը հույս են հայտնել, որ դա կարտացոլվի Եվրահանձնաժողովի զեկույցում։
Հանդիպումից հետո Կոոպմանը X-ում (նախկինում՝ «Թվիթեր») անդրադարձել է հանդիպմանը և գրել. «Ուրախ եմ կրկին հանդիպելու այս անգամ Բրյուսելում, շարունակելու մեր քննարկումն այն հիմնական միջոցների շուրջ, որոնք Վրաստանը դեռ կարող է ձեռնարկել 12 առաջնահերթությունների ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Բարեփոխումները և դրանց իրականացումը դեռևս կարևոր են Վրաստանի եվրոպական օրակարգի համար»: