ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենն անդրադարձել է այն փաստին, որ Վրաստանի Ազգային բանկը փոխել է իր մոտեցումը միջազգային պատժամիջոցների նկատմամբ:
Ըստ նրա՝ անկախ ազգային բանկը առողջ տնտեսության հիմնաքարն է ցանկացած երկրում։ Օ’Բրայենն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի Ազգային բանկի որոշման առնչությամբ և զգուշացրել է պատժամիջոցների ռիսկի մասին նրանց, ովքեր գործարքներ են կատարում ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ միջազգային պատժամիջոցների տակ, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ:
«Ցավում ենք Վրաստանի Ազգային բանկի որոշման համար… Վրաստանի բանկային համակարգը դարձել էր Վրաստանի ժողովրդավարական պատմության լավագույն ձեռքբերումներից մեկը։ Անկախ ազգային բանկը ցանկացած երկրում առողջ տնտեսության հիմնաքարն է»,- ասել է նա:
Ի՞նչ է կատարվում
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։
Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:
Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։
Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։
Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը