Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության զբոսաշրջության նախարար Ահմեդ Ալ Խատիբի հետ, տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են վարչապետի Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման դինամիկան և նախագծել այս ուղղությամբ ապագա ծրագրերը։
Վարչապետը նշել է, որ զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության արագ զարգացող ոլորտներից է, իսկ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ռազմավարական, գրավիչ զբոսաշրջային շուկա է Վրաստանի համար։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի կառավարությանը Վրաստանի քաղաքացիներին էլեկտրոնային այցելուների վիզա տրամադրելու համար և նշել, որ էլեկտրոնային վիզան կօգնի մեծացնել զբոսաշրջիկների հոսքը երկու երկրների միջև։