Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել ռուսական ROSSIYA AIRLINES ավիաընկերության մասին, որն ընդգրկված է ԵՄ պատժամիջոցների սև ցուցակում։ Գործակալությունը պնդում է՝ այս ավիաընկերությանը երկու անգամ մերժել են Վրաստանում թռիչքներ կատարել։
Ըստ քաղավիացիայի գործակալության՝ ընթացիկ տարվա մայիսի 16-ին չեն բավարարել ROSSIYA AIRLINES ավիաընկերության հայտը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ կանոնավոր չվերթ իրականացնելու վերաբերյալ։
«Սեպտեմբերի 14-ին ROSSIYA AIRLINES-ը կրկին դիմել է գործակալություն՝ այս անգամ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա, Մոսկվա-Բաթումի-Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ կանոնավոր չվերթեր իրականացնելու խնդրանքով, ինչը մերժվել է:
Գործակալության այս որոշման պատճառն այն է, որ ROSSIYA AIRLINES-ը հայտնվել է Եվրամիության սև ցուցակում։ Ըստ այդմ, Վրաստանի ուղղությամբ կանոնավոր օդային հաղորդակցություն նշված ավիաընկերության կողմից չի իրականացվելու»,- նշել են քաղավիացիայից:
Նրանց պարզաբանմամբ՝ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքներ են իրականացնում և կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները, որոնք ԵՄ սև ցուցակում չեն։ Հայտարարության մեջ նաև նշվում է՝ թռիչքները չեն իրականացվի այն ինքնաթիռներով, որոնց տեխնիկական սպասարկումը դադարեցվել է օդանավ արտադրողների կողմից, ինչը նշանակում է՝ սահմանափակել տեխնիկական և թռիչքային փաստաթղթերի հասանելիությունը, ինչպես նաև պահեստամասերի մատակարարումը։
Ի դեպ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի կայքում տեղեկություն է հայտնվել հոկտեմբերի 14-ից Թբիլիսիի ուղղությամբ ROSSIYA AIRLINES ավիաընկերության թռիչքների մասին։ Սակայն ROSSIYA AIRLINES ավիաընկերությունը Վրաստան թռիչքի թույլտվություն չի ստացել։
Ներկայումս Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթներ են իրականացնում Azimuth Airlines (Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա), Georgian Airways (Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի) և Red Wings (Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա, Սոչի-Թբիլիսի-Սոչի) ավիաընկերությունները:
Վաշինգտոնը, ԵՄ երկրները և Կիևը քննադատում են Վրաստանին Ռուսաստանի հետ թռիչքները վերականգնելու համար։