Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղը կրկին լայնածավալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից։ Հրետակոծության տակ էին բնակելի թաղամասեր, քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, ընդհանրապես խաղաղ քաղաքացիական անձինք։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին օրվա ընթացքում պարբերաբար անդրադառնում էր վրացական մամուլը։
Ղարաբաղում կրակի դադարեցման մասին լուրը հաղորդում են գրեթե բոլոր վրացական մեդիահարթակները։
«Ղարաբաղում արդեն մի քանի ժամ է, ինչ հրադադար է. Տարածաշրջանի դե ֆակտո իշխանություններն ընդունել են Բաքվի պայմաններ և վայր կդնեն զենքը։ Ի պատասխան՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես կլքեն տարածքը։ Բաքվի հիմնական պահանջը՝ տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ, կատարվել է։ Վաղվանից կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կշարունակեն քննարկումները», — այս կերպ է մեկնաբանում իրավիճակը «Մթավարի արխին»։
Netgazeti.ge-ն երեկվանից, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով` գնդակոծելով նաև Ստեփանակերտը, պարբերաբար հոդվածներ էր հրապարակում թեմայի վերաբերյալ, և հատկանշական է, որ մինչև այս, երբ արցախահայությունը գտնվում էր շրջափակման մեջ, լրատվամիջոցը երբեմն անդրադառնում էր նաև հարցին։
«Ղարաբաղի Հանրապետությունն ընդունել է ռուս խաղաղապահների առաջարկը՝ դադարեցնել կրակը և զինաթափել մարտական ստորաբաժանումները», — գրում է լրատվամիջոցը և նշում Լեռնային Ղարաբաղի կառավարության հայտարարությունը։
Netgazeti.ge-ն մինչ այս հրապարակել է նաև «Ի՞նչ նպատակներ ունեն Բաքուն և Մոսկվան՝ կրակ բացելով Ղարաբաղում. հայացք Հայաստանից» հոդվածը, որի հեղինակը Երևանից Կոնստանտ Ղազարյանն է․
«Հնարավոր էսկալացիա էր սպասվում վերջին օրերին և շաբաթներին, երբ Իսրայելից Ադրբեջան թռիչքների թիվն ավելացավ [զենքի մատակարարման նպատակով], իսկ ադրբեջանական զորքերն ու զինտեխնիկան կենտրոնացվեցին սահմանին։
Այս իրավիճակը շատ առումներով մեզ հիշեցնում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Ադրբեջանական զինտեխնիկայի վրա [ռուսական ոճով] սիմվոլներ են կիրառվել, զորավարժությունների պատրվակով ադրբեջանական զորամասերը թռչել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մոտ։ Նաև Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ չի օգտագործվում «պատերազմ» տերմինը, օգտագործվում է «հակաահաբեկչական գործողություն»։
«Ազատություն» ռադիոկայանի վրացական բաժնի վերջին անդրադարձը թեմային հետևյալն է․
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի նախապատրաստմանը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը որպես տեղեկանք ընդունել է Ղարաբաղի կառավարության որոշումը», — նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ավելացնելով նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մի քանի պայմաններով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները» կասեցնելու վերաբերյալ։ Ըստ Բաքվի, գործողությունը դադարեցնելու խնդրանքը ստացվել է Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներից՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով»։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի նախապատրաստմանը տեղադրել է նաև Imedi.ge-ն։
Սակայն որպես նախապատմություն լրատվամիջոցը գրում է հետևյալը․ «Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում», առանց հայկական կողմի պարզաբանմամբ, և «պատերազմ» տերմինը գործածելու։
«Պիրվելի արխիի» վերջին հրապարակումը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի թեման է․
«Շառլ Միշելը կոչ է արել Իլհամ Ալիևին հարգել հրադադարի ռեժիմը և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը, արժանապատիվ վերաբերմունքը, ինչպես նաև ապահովել նրանց իրավունքները և մարդասիրական օգնության հասանելիությունը», — գրում է լրատվամիջոցը։