Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազգային բանկի (ԱԲ) նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավային հրաժարական տալու կոչ է արել:
Զուրաբիշվիլին հանրությունից ներողություն է խնդրել՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Թուրնավային ԱԲ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու համար։
«Առաջին հերթին ԱԲ նախագահի պաշտոնակատարը, որը չկարողացավ պաշտպանել Ազգային բանկի անկախությունը, ընդհակառակը՝ անձամբ վնասեց անկախության սկզբունքը, պետք է հրաժարական տա»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, այժմ լուծումն այն է, որ Ազգային բանկի դիտորդական խորհուրդը չեղյալ համարի նախագահի պաշտոնակատարի որոշումը։
Ի՞նչ է կատարվում
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։
Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:
Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։
Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ուժի ԱԲ-ի սահմանափակումներն մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։
Ի՞նչ են ասում սահմանադրագետներն ու ֆինանասական սեկտորի փորձագետները
Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի Սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։
Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ, եթե ԱԲ-ը չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։
Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը