Վրաստանի Ազգային բանկի նախագահի խորհրդական Գիորգի Բաքրաձեն լքում է իր պաշտոնը։ Bm.ge-ի փոխանցմամբ՝ որոշման պատճառը ԱԲ-ի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի նախօրեին տրված հրամանն է։
Այն բանից հետո, երբ ԱԲ-ը փոփոխություն կատարեց պատժամիջոցների ռեժիմի կատարման կանոններում, Ազգային բանկի երկու փոխնախագահներ և խորհրդի անդամներ Պապունա Լեժավան և Արչիլ Մեստվիրիշվիլին հրաժարական տվեցին իրենց պաշտոններից։ Մեկ այլ փոխնախագահ Նիկոլոզ Գագուան դեռ որոշում չի կայացրել։ Ինչ վերաբերում է Վրաստանի Ազգային բանկի խորհրդի ոչ գործադիր անդամներ Եկատերինե Գալդավային և Եկատերինե Միքաբաձեին, նրանք չեն պատրաստվում լքել ԱԲ-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները սեպտեմբերի 14-ին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։
Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։
Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ, եթե ԱԲ-ը չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։