Սամցխե Ջավախեթիի գյուղերում ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես աշունը սկսվել է կարտոֆիլի բերքահավաքով, որը մեծ դեր ունի գյուղացու կյանքում․ նրա միակ եկամտի աղբյուրն է։
Չնայած շուկայում կարտոֆիլի ցածր գնին՝ գյուղացիներն այս տարի կարտոֆիլի բերքահավաքը նախորդ տարիների համեմատ ավելի վաղ են սկսել, որը ինչպես նշում են նրանք, մի քանի պատճառ ունի։
Այս մասին զրուցել ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի բնակիչ Շմավոն Պետրոսյանի հետ․
«Կյանքիս 71-րդ աշունը դարձյալ սկսվեց կարտոֆիլի բերքահավաքով, սակայն ավելի շուտ, քան անցած մի քանի տարին էր։ Բերքահավաքի շուտ սկսվելը մի քանի պատճառ ուներ այս տարի, կնշեմ երկու ամենակարևորները։ Առաջինը կարտոֆիլի մեջ անհասկանալի հիվանդության հայտնվելն էր, որը ի հայտ եկավ օգոստոսին, բերքը սկսեց ժամանակից շուտ չորանալ։ Հիվանդության դեմ չցանկացանք տարբեր անհասկանալի և անհայտ դեղամիջոցներ օգտագործել, որոշեցինք բերքահավաքն ուղղակի շուտ սկսել»։
Մյուս պատճառը, ըստ նրա, ռուբլու հանկարծակի արժեզրկումն է․
«Մեր գյուղի 40-ից բարձր տղամարդկանց 80%-ը մեկնել է արտագնա աշխատանքի, տղաս նույնպես։ Բայց քանի դեռ նրանց աշխատած գումարը չունի արժեք, մենք ստիպված ենք գումար վաստակելու այլ միջոցներ փնտրել, որպեսզի գոնե կարողանանք մեր ուսանող երեխաներին ապահովել, ովքեր սովորում են Թբիլիսիում կամ Երևանում։ Իսկ մեր հեռավոր գյուղում միակ գումար վաստակելու միջոցը կարտոֆիլն է»։
Գյուղացիները նշում են նաև, որ կարտոֆիլի բերքատվությանը ազդել է նաև մոտ երկու շաբաթ առաջ տեղացած կարկուտը։
«Կարտոֆիլի բերքատվությունից չեմ բողոքի, Աստված ինչ կամեցել է, դա էլ ունենք, եթե կարկուտն էլ չվնասեր, ավելի առատ բերք կունենայինք, սակայն ինչպես չնշեմ գյուղացու ջանասիրաբար արված աշխատանքը, որը ինչպես ամեն տարի մնում է չգնահատված։ Խանութում 1 լարիից պակաս ապրանք դժվար գտնես, իսկ գյուղացու 1 կգ կարտոֆիլը այսօր շուկայում 50 թեթրիից ավել չեն գնահատում։ Իհարկե այս փաստը շատ հիասթափեցնող է, բայց քանի դեռ ապրում ենք գյուղում, պետք է շարունակենք կարտոֆիլ ցանել, մշակել, հավաքել և ցածր գնով շուկայում վաճառել, ամեն տարի այն հույսով, որ գոնե այս տարի մեր թափած քրտինքը արդյունք կունենա», – նշում է Խավեթ գյուղի բնակիչ Հասմիկ Պետրոսյանը։
Խավեթում, տեղացիների վկայությամբ, յուրաքնչյուր ծուխ գրեթե ամեն տարի միջինում 1 հեկտար կարտոֆիլ է ցանում։ Իհարկե կան ավելի քիչ և ավելի շատ ունեցողներ ևս, սակայն բացի բերքի որակից կամ գնից գյուղացիների համար մեծ խնդիր է նաև բերքը վաճառքի համար քաղաք հասցնելը։ Գյուղացիների խոսքով բերքը քաղաք տեղափոխելուն խանգարում են Ախալքալաք-Կարծախ ճանապարհին շուրջ երկու տարի անընդմեջ կուտակվող վրաց թուրքական սահմանից օգտվող բեռնատարները։
«Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կանգնած բեռնատար ավտոմեքենաների մասին գիտենք, չեմ մանրամասնի, բայց դրանք մեծ խոչընդոտ են հանդիսանում բերքը քաղաք տեղափոխելու համար։ Շատ վտանգավոր է արդեն բեռնատարով այդ ճանապարհով երթևեկելը, իսկ Ախալքալաքից կամ Վրաստանի այլ շրջաններից դեպի գյուղ այդ ճանապարհով գալ շատերը խուսափում են», – նշում է Շմավոն Պետրոսյանը։
Տեղացիների հետ զրույցից պարզ է դառնում, որ գյուղում խնդիրները շատ են, դրանք կապված են ճանապարհի, բերքահավաքի, բնական գազ չունենալու, դպրոցում կարևոր առարկաների պակաս ունենալու և այլնի հետ, սակայն այն հարցին, թե ինչու ձեր կյանքը չեք վերսկսում ավելի մեծ քաղաքներում, որտեղ կկարողանաք ավելի քիչ տանջվելով ապրել, 68-ամյա Հասմիկ տատը պատասխանեց․
«Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ փառք Աստծո մեր գյուղի ընտանիքների 80%-ից ավելին ունեն հնարավորություն գյուղից գնալու, ամեն մեկը աշխարհի մի մասում փոքրիկ հողակտոր ունի, որտեղ ցանկության դեպքում կարող է գյուղից դուրս իր կյանքը սկսել, լինի դա Վրաստան, Ռուսաստան կամ Հայաստան, բայց եթե բոլորս այդպես մտածենք և գնանք գյուղից, մեր հայրենի բնակավայրն ու՞մ ենք թողնելու։ Մենք գյուղում ունենք շատ խելացի երիտասարդներ, ովքեր Հայաստանի և Վրաստանի տարբեր բուհերում են ուսանում, մեկը բժիշկ, մյուսը ճարտարապետ, մյուսն էլ ծրագրավորող, բայց ցավոք նրանք ցանկություն չունեն տուն՝ հայրենի գյուղ վերադառնալու և այստեղ ապագա կառուցելու, քանի որ գյուղում ապագա չունենք, բայց գոնե մենք՝ տարիքով ավելի մեծերս պետք է գիտակցենք, որ մեր գյուղին անհրաժեշտ ենք, պետք է մնանք մեր փոքրիկ հայրենիքը պահելու և պահանելու»։
Հասմիկ Պետրոսյան, «Ալիք մեդիայի» ստաժոր