Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:
Ըստ տեղեկության՝ քննարկված հարցերի թվում եղել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը երկրների միջև և Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Շոլցի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է երկրների միջև քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան և նշել, որ Վրաստանը բարձր է գնահատում Գերմանիայի քաղաքական ուղերձները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել Վրաստանի ու Գերմանիայի միջև սերտ և բազմակողմ համագործակցությունը։
Վրաստանի կառավարության ղեկավարը և Գերմանիայի կանցլերը քննարկել են եվրաինտեգրման առումով ներկա իրավիճակը և գնահատել Վրաստանի ձեռնարկած քայլերը։ Վարչապետը Շոլցին է ներկայացրել եվրաինտեգրման ճանապարհին իրականացված ու ընթացիկ բարեփոխումները և նշել, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացումը վերջնական փուլում է։ Նրա խոսքով, տարեվերջին Վրաստանը սպասում է Եվրամիության արդար և ճիշտ քաղաքական որոշմանը։
«Վարչապետն ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և նշել, որ այս գործընթացում Վրաստանն ակնկալում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությունը։
Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում»,- նշված է տարածած հաշժղորդագրության մեջ: